ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ. Բառերի դղյակը

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ. Բառերի դղյակը
29.11.2014 | 00:07

Անմատչելի բարձր էր Պառնասի դղյակը: Շարքային մահկանացուների աչքից հեռու, երկրային աստվածների իշխանությունից դուրս:

Ապրում էին այնտեղ արքայից-արքա բառերը: Մեկը մեկից զորեղ, անմահ ու իմաստուն: Մուսաներ էին ուղարկում Պառնասից ցած՝ բարուրված պոետներին կնքելու: Մոլորյալներին դարձի էին բերում, համառներին՝ պատժում դաժանորեն: Ընտրյալներին անմահ էին հռչակում՝ հարյուր տարին մեկ:
Վերջապես ամենակրտսեր Մուսայի հերթն էլ հասավ: Նրան հասունության վկայական տվին՝ հրեշտակի թևերի տեսքով, գործունեության հստակ ծրագիր և արքայական մաղթանքներ:
Պոետը, ում դարձի պիտի բերեր Մուսան, ցնծությամբ ողջունեց նրա հայտնությունը: Հետո, որպեսզի մշտապես իր կողքին ունենա, գիշերով գողացավ նրա փետուրներն ու գազօջախի վրա վառեց: Ոտքերին շղթաներ հագցրեց ու դարձրեց իր ճորտը:
Օրենքն ընդունեց նրան, ինքնիշխան պոետ հռչակեց ու գործուղեց Պառնաս:
Շղթայակապ Մուսան լուռ ուղեկցեց նրան:
Տարիներ կորցրեց Պոետը՝ սողեսող բարձրանալու վրա: Հաճախ գլորվեց, ընկավ, նորից ելավ՝ կառչելով Ճորտի ամուր շղթաներից: Մուսայի բնազդը վեր բարձրացրեց նրան:
Այդպես հայտնվեց Պոետը Դղյակի պարիսպների առաջ:
Նայեցին արքայից-արքաները, ո՛չ Պոետին ճանաչեցին, ո՛չ Մուսային: Բախտախնդիր օտարականների տեղ դրեցին նրանց: Միայն մեկը ճանաչեց Մուսային՝ Հիշողություն արքան, և սաստիկ զայրացավ՝ հիշելով նրա ազատ ու չքնաղ թևերը: Զայրույթը, արքայից-արքա անցնելով, ցնցեց ողջ Պառնասը: Ցանկացան փշրել Մուսայի շղթաները, իսկ Պոետին ցած գլորել Պառնասից:
Արքա Զգոնությունը ուշքի բերեց նրանց:
Օրենքն էր Մուսային ճորտ հռչակել, օրենքն էլ պիտի կոտրեր շղթաները՝ տիրոջ մահից հետո:
Ցասումը մեղմացավ: Նրան շղթայակապ արին, խարանեցին ճորտի պես՝ զրկելով ինքնիշխան պոետի իրավունքից:
Անիծեց Ճորտն այն օրը, երբ, Պառնաս բարձրանալով, ոտք դրեց Բառերի նենգ թագավորություն: Հայհոյեց արքաների յոթ պորտը, բայց մնաց ու ապրեց Դղյակում: Ապրեց որպես ճորտ, որովհետև անփառունակ մոռացումից անվնաս խույս տալու ձևը չգիտեր: Դեռ ոչ ոք սողեսող չէր իջել Պառնասից: Բարձրացողներ հատուկենտ եղել էին, իջնող՝ ոչ մեկը:
Չորեքթաթ քայլողների համար Պառնասը մի՛ ճամփա ուներ:
Վերից-վար:
Մի շնչով:
Եվ՝ խավար:
Դաժան էին նրա հետ Բառերը: Դաժան ու անհոգի: Խնջույքի սեղան բացելով՝ ստիպում էին փորձել իմացած-չիմացած բոլոր դերերը: Զվարճանում էին, երբ միմոս էր դառնում, ասպետ, փիլիսոփա, սատանա կամ աստված: Պալատական ծաղրածուի բոժոժավոր թագն էին դնում գլխին, իբր՝ Արքա է: Ծիծաղից խեղդվելով ծռմռվում էին նրա առաջ, գլուխ խոնարհում, քսմսվում շղթաներին, հաճոյանում:
Ճորտը գիտեր՝ ինչով է վերջանալու սիրո գլխապտույտի պես խենթացնող այդ խաղը, բայց գայթակղությունը, սանձազերծ քուռակի պես քացի տալով, առաջ էր մղում նրան: Ու դառնում էր դերի լիարժեք տերը: Արքայական կեցվածք էր ընդունում, իր մեծությունը հաստատող հրովարտակներ հղում աշխարհին, սիրո մասին լոզունգներ հռչակում: Խաղի ամենաթեժ պահին, երբ Ճորտ-արքան պատրաստվում էր հուշարձան կանգնեցնել ինքն իրեն, դարերին ձեռնոց նետելով, հայտնվում էր Ծաղրածուն ու ճարպիկ շարժումով թռցնում թագը: Բոժոժները զնգզնգում էին, հաջողված խաղի համար ծափ տալիս,
արքայից-արքա բառերը վերադառնում էին իրենց անառիկ գահերին:
Հիասթափությունը շալակած՝ Պոետը քաշվում էր Դղյակի իր հեռավոր անկյունը: Շղթաները կաղկանձում էին ծեծված շան պես, Մուսան հետևում էր նրան՝ լուռ ու ամոթահար: Ոտքից-ոտք ցատկոտող Ծաղրածուն ուղեկցում էր նրանց:
Այստեղ՝ մենավոր իր խցում, նա դադարում էր ճորտ լինելուց: Այստեղ նա Տեր էր՝ դաժան ու բռնակալ, ինչպես բոլոր տերերը: Նաև՝ ուժեղ, որովհետև կողքինը թույլ էր: Թույլ ու կին: Եվ նա տանջում էր Մուսային, վրեժ լուծում այն փշրանքների համար, որով կերակրում էին իրեն արքայից-արքա բառերը: Կինը թույլերին հատուկ ատելությամբ էր դիմանում, Մուսան՝ հրեշտակային արհամարհանքով: Ու լռում էին երկուսն էլ: Միայն շղթաներն էին զնգզնգում:
Տարիները գլորվում էին Պառնասի դղյակում, արքայից-արքա բառերը զվարճանում էին, շղթայված Մուսան դեռ ոչ մի աստվածային բառ չէր ասել, իսկ Ճորտը ծերանում էր: Երբ մորուքն ավլեց գետինը, իսկ գլուխը նմանվեց ջնջոցով մաքրած գլոբուսի, նա մեռավ:
Արքայից-արքա բառերը ճոխ հոգեհաց տվին:
Ծաղրածուն ժամանակի ոգով դամբանական կարդաց:
Մուսային ազատ ու չքնաղ թևեր պարգևեցին:
Պառնասի դղյակում մինչև լույս վառվեցին աստղային ջահերը:
Պալատական Նոտաները թունդ ռեքվիեմ հնչեցրին:
Իսկ մեռյալին, Պառնասի դաժան արքաների օրենքով, աստվածային բարձունքից գլորեցին ցած:
Դեռ ոչ ոք այդ բարձունքից չորեքթաթ չէր իջել:
Այդ նույն օրենքով, որ պակաս զորեղ չէր, քան երկրային արքաների օրենքը, նրա մարմինը չհասավ հողին: Այն հողին, որի համը նա երբեք չիմացավ: Մաս-մաս բաժանվեց մարմինը, փոշիացավ՝ խառնվելով որոճող ամպերի նախրին:
Ցած ընկան միայն շղթաները՝ հիշեցնելու, որ Բառերի թագավորությունում դեռ չի վերացել ճորտատիրական իրավունքը:

Դիտվել է՝ 3492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ